Շավարշ Կարապետյան

25 May

shkarapetyan-post Շավարշ Կարապետյանը  ծնվել է 1953թ. մայիսի 19-ին, Վանաձորում:  Ջրասուզալող սպորտաձևում Շավարշ Կարապետյանը եղել է 11 անգամ աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ աշխարհի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն: Եղել է սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ, պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և Յունեսկոյի «Արդար խաղ» մրցանակով: Աշխատել է որպես պատանեկան դպրոցի տնօրեն:

Շավարշ ԿարապետյանԳուցե Շավարշ Կարապետյանը մեզ դեռ շատ զարմացներ իր հաղթանակներով ու մրցանակներով, եթե չլիներ 1976թ. սեպտեմբերի 16-ի դեպքը: Այդ օրը նա իր եղբոր` Կամո Կարապետյանի հետ հերթական մարզումներն էր կատարում Երևանյան լճի մոտ, երբ 96 ուղևորով տրոլեյբուսը շրջվում է լիճը: Եղբայրները, առանց երկմտելու, օգնության են նետվում: Մեր հերոսը սուզվում է սառը և աղտոտված ջուրը, դիմակայելով ջրի ճնշմանը` կոտրում է ապակին և 20 րոպեում քսան մարդու կյանք է փրկում: Միայն վերջում, լինելով շատ հոգնած և վիրավոր, մարդու փոխարեն աթոռ է հանում, որի համար զղջում է մինչև այսօր: Տրոլեյբուսը բավականին խորն էր իջել` մոտ 10 մետր, որտեղ ջրի ճնշումը բավական մեծ է: Հեշտ է տաք սենյակում նստած գրել այս մասին, սակայն երբ պատկերացնում եմ, սարսռում եմ: Իր հերոսության համար Շավարշը շատ թանկ է վճարում: Նա  հիվանդանում է երկկողմանի թոքաբորբով և ստանում է արյան վարակ: Երկար ամիսներ հիվանդանոցում բուժվելուց հետո նա այլևս չի կարողանում վերադառնալ լողի ասպարեզ: Անտեսելով բոլոր խոչընդոտները և վտանգի ենթարկելով իր կյանքը` Շավարշ Կարապետյանը իր եղբոր հետ իրագործել էր անհնարինը: Իր լավատեսության և ուժեղ կամքի շնորհիվ, նա դարձել է հաջողակ գործարար  (նա  այն կոչում է «Երկրորդ շնչառություն») և ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում:

Ես հիմա գրում եմ նրա մասին և մտածում.  «Իսկ ինչպես կվարվեի ես. ինչն է ստիպում մարդկանց նման քայլերի գնալ: Չէ որ ապրելու բնազդը այնքան ուժեղ է նստած մարդու մեջ, որ այն հաղթահարելու համար շատ մեծ կամքի ուժ է պահանջվում»: Ինձ համար իսկական հերոսը նա է, նա է ամենամեծ հաջողակը և ամենահարուստը:

Այսօր Շավարշ Կարապետյանի անունով է կոչվում նոր հայտնաբերված մոլորակը (3027 Շավարշ), իսկ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում նրա անվան սուզալողի մրցումներ են անցկացվում:

Կուզեի, որ մեր երիտասարդները ոչ թե ցանկանային նմանվել հայկական սերիալների «հերոսներին», այլ իրական ու իսկական հերոսներին, ինչպիսին Շավարշ Կարապետյանն է:

Leave a comment